Ավստրալիայի Լեդի Էլիոթ կղզու ափերի մոտ մարդիկ պարբերաբար ծովում նկատում են երրորդ փարոսի լույսը, որն իրականում գոյություն չունի։ Գիտնականները վիրտուալ իրականության մեջ վերարտադրել են այս օպտիկական երևույթը և պարզել, թե ինչպես կարող է ուղեղը սխալ որոշել լույսի աղբյուրի տեղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Open Mind հանդեսում։

Կղզում երկու իրական փարոս կա։ Առաջինը կառուցվել է 1873 թվականին, իսկ 1995-ին այն շահագործումից հանվել է՝ նավագնացության համար նախազգուշացնող ազդանշաններ տալու գործառույթը փոխանցելով երկրորդ փարոսին։ Սակայն կղզու այցելուները շարունակում են հայտնել լույսի խորհրդավոր երրորդ աղբյուրի մասին, որը կարծես լուսարձակում է հորիզոնից։ Պատրանքն այնքան հայտնի է, որ դրա մասին նույնիսկ հիշատակվում է կղզու զբոսաշրջային ուղեցույցում։

Նման երևույթ նկատվել է նաև այլ վայրերում։ Այդ պատրանքի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարագրությունը հայտնվել է 1937 թվականին. այն ժամանակ ականատեսները դրա մասին հայտնել են Ֆրանսիայի Բրետանի շրջանի ափերի մոտից։

Տեղի ունեցողը հասկանալու համար հետազոտողները նախ ուսումնասիրել են երևույթը բուն Լեդի Էլիոթ կղզում, ապա ստեղծել դրա վիրտուալ մոդելը։ Փորձի արդյունքները գրեթե համընկել են իրական պայմաններում կատարված դիտարկումների հետ։

Պատրանքը կարելի է զգալ ինքնուրույն։ Գիշերը պետք է կանգնել փարոսի և ծովի միջև՝ աշտարակից առնվազն 70 մետր հեռավորության վրա, և նայել դրան։ Պտտվող ճառագայթը հստակ տեսանելի կլինի։ Այնուհետև պետք է մեջքով շրջվել դեպի փարոսը և նայել ծովին։ Չնայած մարդը հասկանում է, որ լույսի աղբյուրն իր հետևում է, նրան կարող է թվալ, թե ճառագայթը գալիս է հորիզոնից։

Նույնիսկ եթե մի քանի անգամ շրջվեք և ստուգեք իրական փարոսի տեղը, պատրանքը պարտադիր չէ, որ անհետանա։

Հետազոտողների տվյալներով՝ փորձի ընթացքում օգտագործվել է վիրտուալ մոդել, որը վերարտադրել է մի իրավիճակ, երբ դիտորդը գտնվում է փարոսից 300 մետր հեռավորության վրա և նայում հակառակ ուղղությամբ։ Այդ դեպքում լույսն ընկալվել է այնպես, կարծես այն արձակում է առջևում շարժվող աղբյուրը։

Գիտնականներն այդ ազդեցությունը բացատրում են նրանով, որ տեսողական համակարգը զգայարաններից ստացվող տվյալները համադրում է մարդու սպասումների հետ։ Մթության մեջ ուղեղը քիչ տեղեկություն է ստանում առարկաների հեռավորության մասին, ուստի ավելի շատ է հիմնվում սեփական ենթադրությունների վրա։

Հետազոտողները համեմատություն են անում բացարձակ մութ սենյակում գտնվող փոքր լուսարձակող սկավառակի հետ։ Այն կարող է լինել մոտակայքում գտնվող փոքր առարկա կամ զգալի հեռավորության վրա գտնվող շատ ավելի մեծ օբյեկտ։ Երբ տեսողական կողմնորոշիչները բավարար չեն, ուղեղն ընտրում է այն մեկնաբանությունը, որն իրեն առավել հավանական է թվում։

Նման մեխանիզմ է գործում նաև խաբուսիկ փարոսի դեպքում։ Իրականում լույսի ճառագայթի հեռավոր հատվածը գտնվում է դիտորդից հեռու և շարժվում է մեծ արագությամբ։ Սակայն ուղեղը կարող է այն ընկալել որպես ավելի մոտ գտնվող և դանդաղ շարժվող հատված։ Այդ ժամանակ մարդուն թվում է, թե լույսի աղբյուրը գտնվում է իր առջևում, այլ ոչ թե թիկունքում։

Այս տեսությունը գիտնականներին հնարավորություն է տվել ստուգելի կանխատեսում անել։ Նախկինում համարվում էր, որ պատրանքն առաջանում է փարոսից մեկից չորս կիլոմետր հեռավորության վրա։ Սակայն հետազոտողները ենթադրել են, որ դրա առաջացման համար բավական է մոտ 70 մետրը։ Վիրտուալ իրականության մեջ կատարված փորձերը և կղզում իրականացված դիտարկումները հաստատել են այս ենթադրությունը։

Երևույթը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում ուղեղը, որը հետազոտողները հաճախ անվանում են կանխատեսումների համակարգ. այն մշտապես զգայական տեղեկությունը համադրում է սպասումների հետ՝ շրջապատող աշխարհը մեկնաբանելու համար։

Շատ դեպքերում այդ մեխանիզմն օգնում է մարդուն ճիշտ հասկանալ տեսածը։ Սակայն երբեմն այն հանգեցնում է սխալների։ Օրինակ՝ գոյություն ունի այսպես կոչված խառնարանի պատրանքը. գոգավորության պատկերը կարող է ընկալվել որպես ուռուցիկ բլուր, եթե լույսի ուղղությունը հակասում է այն սովորական սպասմանը, որ լուսավորությունը գալիս է վերևից։

Հետազոտողների կարծիքով՝ տեսողական պատրանքները հետաքրքիր են ոչ միայն նրանով, որ ցույց են տալիս ընկալման սխալները։ Դրանք օգնում են հասկանալ, թե ինչ մեխանիզմների շնորհիվ է ուղեղը սովորաբար ճիշտ մեկնաբանում շրջապատող իրականությունը։