Հայաստանի գործարարները փոխշահավետ համագործակցության առաջարկներ են սպասում Ռուսաստանի գործընկերներից։ Այս մասին, Սանկտ Պետերբուրգում հայ-ռուսական բիզնես համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ նշել է Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում նաեւ նշվել է, որ Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում:

Այդ համատեքստում կարեւորվել է Հայաստանից Սանկտ Պետերբուրգ արտահանվող արտադրանքի տեսականու եւ ծավալների ընդլայնումը։ Քննարկման ընթացքում կարեւորվել է գործարար կապերում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

«Սանկտ Պետերբուրգի միջտարածաշրջանային տեղեկատվության եւ բիզնես կենտրոն» ձեռներեցության խթանման ասոցիացիայի նախագահ Լիդիա Պրոխորովան, նշելով, որ ձեռնարկատիրության համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ ՌԴ կառավարությունն անում է հնարավորը, ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգի բյուջեի եկամուտների մոտ 30 տոկոսն ապահովում է միջին բիզնեսը։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը ռուսական «Օմեգա» ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերել եւ հաջողությամբ իրականացրել Երեւանի փողոցների լուսային գունազարդ ձեւավորման նախագիծը։

Ի նշան երախտագիտության՝ արդյունավետ համագործակցության համար, Ա. Հարությունյանը պատվոգիր է հանձնել «Օմեգա» ընկերության նախագահին։

Ռուսական կողմի ներկայացուցիչները իրենց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունն են հայտնել Հայաստանի գործընկերների հետ գործարար համագործակցության խորացման եւ ռուսական շուկայում հայաստանյան արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ։