Մոլդովայի խորհրդարանի Կոմունիստների կուսակցության խմբակցությունը դեմ է արտահայտվել Հանրապետության պալատում «Արեւելյան գործընկերության», Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին:

ՄՀԿԿ-ի խմբակցության պատգամավորները բողոքել են խորհրդարանի հաջորդ նիստը հետաձգելու վերաբերյալ մեծամասնության որոշման դեմ: Որոշումը կայացվել էր այն պատճառով, որ այդ սրահը զբաղեցվելու է Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կազմակերպած «քաղաքական միջոցառում» անցկացնելու համար:

Հուլիսի 5-ին ՄՀԿԿ-ի պատգամավոր Գրիգորի Պետրենկոն խորհրդարանի ղեկավարից պահանջել էր բացատրել, թե «ինչ հիմնավորմամբ հաջորդ հինգշաբթի չի կայանալու խորհրդարանի հերթական նիստը»: Պետրենկոն հավելել էր, որ «եթե ՄԼԴԿ-ն ցանկանում է որեւէ մեկին հրավիրել, թող հրավիրի իր կուսակցության գրասենյակ` ում ցանկանա, սակայն` ոչ պետության հաշվին», հաղորդում է Omega-ն:

Կոմունիստ պատգամավոր Յուրի Մունթյանը հանդիպման մասնակիցներին անվանել է «անհաջողակներ» եւ նշել, որ ՄՀԿԿ-ի խորհրդարանականները  հինգշաբթի մտադիր են ներկայանալ խորհրդարանի նիստի:

Publika.md-ը հայտնում է, որ հուլիսի 11-ին Քիշինեւում կկայանա Արեւելյան գործընկերության, ԵԺԿ-ի անդամների երրորդ գագաթաժողովը: Այդ առիթով Քիշինեւ կմեկնեն Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Սերժ Սարգսյանը: