Հայաստանում եւ Լիբանանում ներդրումային կլիման բավականին բարենպաստ է գործնական կապերի համար: Այս մասին այսօր ` հուլիսի 6-ին, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապոնջյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հեշտ երկու երկրների գործարարների համար կապեր հաստատել եւ թափանցել երկու երկրների շուկաներ, հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մենաշնորհային բնույթը,  Սարգսյանն ասել է, որ Հայաստանում լավ պայմաններ են ստեղծված ներդրումների համար, այդ թվում նաեւ` արտադրական: «Մեր պալատները կապող օղակ են մեր ադյունաբերական շրջանների միջեւ, օգնում են անհրաժեշտ կապեր հաստատել, տեղեկություն ստանալ այլ երկրի, նրա շուկաների եւ օրենքների մասին», - հայտնել է Մ. Սարգսյանը:

«Լիբանանից Հայաստան ներդրումները չեն դադարում, եւ մենք ուրախ ենք մեր ավանդն ունենալ այս գործընթացում:  Կարող եմ ասել, որ  Հայաստանը շարունակում է մնալ գրավիչ երկիր լիբանանյան ներդրողների համար», – նշել է Լիբանանի ադյունաբերության նախարար Վ. Սապոնջյանը: Նշենք, որ  Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալը  2011թ. վերջին կազմել է 103 միլիոն դոլար: Հայաստանում լիբանանյան կապիտալով աշխատում են 100-ից ավելի ընկերություններ: 

Նշենք, որ ոչ կառավարական կազմակերպությունները պարբերաբար հայտարարում են Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին: Իսկ հունիսի վերջին Lebanese Transparency Association-ը հրապարակել էր Լիբանանի ձեռնարկատերերի շրջանում անցկացված հարցման տվյալները`  նրանց 60%-ը կոռուպցիան ընդհանրական երեւույթ են անվանել: