Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է իտալական «Նդրանգետա» կազմակերպված հանցախմբի առաջնորդ Ռոբերտ Պանունցիի ձերբակալման մասին: Նրան մեղադրում են կոկաինի տրանսատլանտյան մատակարարումներ կազմակերպելու մեջ:
Պանունցիին կոլումբիացի հայտնի թմրաբարոնի պատվին անվանում են «իտալացի Պաբլո Էսկոբար», նրան ձերբակալել են հուլիսի 5-ին` Բոգոտայի առեւտրի կենտրոնում: Տեղի իրավապահ մարմիններին աջակցել է Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչությունը: Ձերբակալվածի մոտ կոլումբիական կեղծ փաստաթղթեր են հայտնաբերել` Սիլվանո Մարտինոյի անունով:
«Նդրանգետայի» առաջնորդը հետախուզվում էր 2010թ.-ից` Հռոմի մասնավոր հիվանդանոցից փախչելուց հետո, որտեղ նրան ուղարկել էին բանտից` սիրտը բուժելու համար: Ենթադրվում է, որ նրա ղեկավարությամբ հանցագործները մինչեւ երկու տոննա կոկաինի ամենամսյա մատակարարումներ են կազմակերպել Եվրոպա, գրում է lenta.ru-ն:
Կոլումբիական իշխանությունները Պանունցիին առաջին անգամ ձերբակալել էին 1994թ., այն ժամանակ նրան Իտալիա էին արտաքսել, սակայն վերջինս կարողացել էր փախչել: 1999թ. նրա նկատմամբ կրկին հետախուզում էին հայտարարել եւ հինգ տարի անց ձերբակալել Իսպանիայում:



























