Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է 1 մլն-ի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապոնջյանը՝ ներկայացնելով Լիբանանի կառավարության ունեցած տվյալները:

«Դժվարանում եմ ասել, թե նրանց որ մասն է հայ, բայց հայերը բավական շատ են: Բոլոր փախստականներին կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ինչպես ինքնուրույն, այնպես էլ արեւմտյան երկրների օգնությամբ»,-ասաց նա:

«Իրավիճակն, իհարկե, տխուր է, բայց մենք հույս ունենք, որ այդ մարդիկ ապագայում կկարողանան վերադառնալ իրենց տները: Չգիտեմ, նրանցից ով կցանկանա մնալ Լիբանանում, ով՝ մեկնել Հայաստան, իսկ ով՝ վերադառնալ Սիրիա: Մենք կողջունենք նրանց ցանկացած որոշումը»,-ընդգծեց Սապոնջյանը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am