Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 6-ին, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը եւ Հովիկ Աբրահամյանը հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Արցախի հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Այնուհետեւ Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի եւ Հայաստանի շրջանների ու մարզերի միջեւ համագործակցության հարցերին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս համատեքստում առանձնակի կարեւորություն ունի ԼՂՀ հարավային թեւը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության եւ գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար՝ հավելելով, որ համագործակցությունն այստեղ փոխշահավետ կլինի մեր հանրապետությունների համար:
Այցելությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:






























