Թեեւ Հայաստանում  հունվար-մայիս ամիսներին ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են, սակայն «պատրաստի սննդամթերքների» ներկրումը զգալի ավելացել է:

Հունիսի սկզբին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը   տեղեկություն էր հրապարակել անցյալ տարվա ընթացքում հանրապետության արտաքին առեւտրի մասին:

Նշենք, որ «պատրաստի սննդամթերքները» ապրանքային անվանացուցակի արտաքին տնտեսական գործունեության IV բաժինն են: 

Անցյալ տարի այդ ապրանքների գծով արտահանման ծավալը կազմել էր 254,7 միլիոն դոլար, իսկ ներկրումը` 355,7 միլիոն դոլար: 

Ներկրման եւ արտահանման միջեւ անհավասարակշռություն կա շաքարի գծով` 61,7 միլիոն դոլար, իսկ ահա վերամշակված  մրգերի եւ բանջարեղենների առումով այն գրեթե հավասար էր ներկրման ծավալին`  17,2 միլիոն դոլարը 17,7 միլիոն դոլարի հարաբերակցությամբ:

Հանքային եւ գազավորված ջրերի առումով բացասական ցուցանիշն անցյալ տարի գերազանցել էր 5,3 միլիոն դոլարը: Մենք ավելի շատ խմիչքներ ենք ներկրում, քան արտահանում:

Գինիների առումով մենք դրական ցուցանիշներ ունենք, արտահանումը ներկրման ծավալը գերազանցում է գրեթե 2,5 միլիոն դոլարով: 

Բացի արտադրական պատճառներից, կարեւոր գործոն է նաեւ գնայինը` զուգորդված որակի հետ: Վերջերս Ռուսաստանի կողմից վրացական ալկոհոլային խմիչքներից բեռնարգելքը վերացնելուց հետո  միայն առաջին խմբաքանակով Վրաստանը կարողացավ  այդ երկիր ներմուծել 240 հազար լիտր գինի եւ կոնյակ: 

Մենք 2,3 միլիոն դոլարի օղի ենք արտահանել, ներկրել`  22,3 միլիոն դոլարի: Պատճառը պարզ է. ներկրվող ապրանքն ավելի որակյալ է, քան տեղականը: Իսկ ահա կոնյակի արտահանումն անցյալ տարի կազմել է 126,7 միլիոն դոլար` 113 անգամ գերազանցելով ներկրումը:

Արտահանել ենք 41,8 միլիոն դոլարի ծխախոտ, ներկրել` 53,0 միլիոն դոլարի: Տարբերությունն այնքան էլ հսկայական չէ:

Հայրենական արտադրանքը գնում են «զարգացող» երկրները, օրինակ` Իրաքը: Իսկ ներկրում ենք հայտնի ընկերությունների թանկ  ծխախոտները:

Այսպիսով, մեր սպառողների համար կարեւոր նշանակություն ունի որակը, այլ ոչ թե գնվող  ապրանքի էժանությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է տեղական արտադրանքի որակը  բարձրացնել` ներկրումը կրճատելու համար: Սակայն այս հարցը, մասնավորապես` օղու պարագայում, տարիներով  լուծում չի ստանում: