Երեւանյան երթուղայինների վարորդներն աշխատում են օրական 14-15 ժամ: Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Տրանսպորտային ընկերությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը: «Մենք անպայման կբարձրաձայնենք այդ հարցը Երեւանի քաղաքապետարանում, ինչպես նաեւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ»,-հավելել է նա:

Փանոսյանի խոսքով` աշխատանքի ծանր պայմանների եւ անհամապատասխան ցածր աշխատավարձի պատճառով, որակավորում ունեցող վարորդները հեռանում են Հայաստանից: «Այժմ մեր վարորդների 75 տոկոսը D կարգի վարորդ ական իրավունք չունեն: Չգիտենք, թե որտեղ լավ վարորդներ գտնենք: Հենց այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները»: Ըստ նրա` երթուղային տաքսիների գծերի տերերն արդեն վաղուց առանց խոշոր շահույթի են աշխատում: 

NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ երթուղայինները տուրքեր վճարում են միայն նստած ուղեւորների, այլ ոչ թե կանգնած ու կիսածռված`Փանոսյանը ասել է, որ ամեն օր տարբեր պատճառներով գիծ դուրս չի գալիս 1-2 մեքենա, սակայն տուրքեր նրանք էլ են վճարում: «Կամ վարորդն է վատ զգում, կամ մեքենան է անսարք: Սակայն հարկայինի համար միեւնույն է` դուրս ես եկել, թե ոչ, պետք է վճարես: Բացի այդ վարորդներից գանձվում է նաեւ եկամտահարկ, քանի որ նրանք մեզ մոտ ձեւակերպված են»,-եզրափակել է նա:

Ընդգծենք, որ մասնավոր զրույցներում երթուղայինների վարորդները, որպես կանոն, չեն պատասխանում այն հարցին, որ արդյոք իրենք աշխատանքային գրքույկով են աշխատում: