Հուլիսի 11-ին կայանալիք Կառավարության նիստում Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մինչ այդ Վահե Հակոբյանը մանդատը վայր դնելու անհրաժեշտություն չունի, քանի որ սա վերաբերում է այլ աշխատանքի անցնելու հետ մանդատից հրաժարվելու ընթացակարգին: Նրա` մարզպետ նշանակվելուց հետո, ինքնաբերաբեր մանդատը կմնա թափուր: Նոր ընտրություն նշանակելու համար ԿԸՀ-ն պետք է ԱԺ-ից տեղեկանք ստանա այդ մանդատի թափուր մնալու վերաբերյալ, եւ այդ փաստաթղթի ստանալու օրվանից սկսած` 80-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, կնշանակի ընտրություն թիվ 38 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Մեր տեղեկությունները ավելի ուշ հաստատվել էին. ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը առաջարկել էր նրա թեկնածությունը եւ այն ընդունվել էր միաձայն:

Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար էր նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն։