«Նաիրիտի» նորագույն պատմությունը սկսվում է 2006 թվականից, երբ այն վաճառվեց բրիտանական օֆշորում գրանցված «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը: Թե ինչ է եղել դրանից հետո՝ բավական մանրամասն վերլուծված է: Սակայն «Նաիրիտի» ոդիսականն սկսվել էր դրանից շատ ավելի վաղ: Ուսումնասիրելով «Նաիրիտին» վերաբերող պաշտոնական որոշումները, կարելի է համոզվել, որ այն միշտ էլ խնդրահարույց է եղել, միշտ էլ պարտքեր է կուտակել, ու միշտ էլ կառավարությունը ստիպված է եղել այդ պարտքերը մարելու տարօրինակ սխեմաներ մշակել:

Սկսենք նրանից, որ դեռ 1997 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է կառավարության այն որոշումը, ըստ որի՝ «Արդշինբանկին» ունեցած «Նաիրիտի» պարտքերի դիմաց «Արդշինբակին» զիջել են այն տարածքները, որ մինչ այդ նա վարձակալել էր պետությունից: Դրանից անմիջապես հետո «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը գրավադրել են Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես միջպետական վարկի երաշիք:

Ռոբերտ Քոչարյանի օրոք ջանքերը կենտրոնացել են հիմնականում «Նաիրիտի»  համար արտասահմանցի գնորդ գտնելու շուրջ: 2000 թ. ընդունված որոշումներից մեկով որոշվել է «Նաիրիտի» արժեքը՝ 40 մլն դոլար: Այդ նպատակով թողարկվել են «Նաիրիտ» գիտարտադրական ՓԲԸ–ի 16 մլրդ դրամ արժողությամբ բաժնետոմսեր, որի 80%-ը ձեռք է բերել պետությունը: Որպեսզի սեփականաշնորհման գործընթացն ավելի սահուն ընթանա՝ գիտաարտադրական ՓԲԸ-ն բաժանել են 3 մասի՝ «Նաիրիտ 1», «Նաիրիտ 2» եւ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորում: Բուն գործարանը ներառել են «Նաիրիտ 1»-ի մեջ: Սակայն այդ պահին «Նաիրիտն» արդեն նոր պարտքեր էր կուտակել (այս անգամ՝ «Հայկապ բանկին»), որի մի մասը փոխանցեցին «Նաիրիտ 1»-ին, մյուս մասը մնաց գիտաարտադրական միավորմանը: Այդ ամենն արվում է այն նպատակով, որ «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրություն էր դրսեւորել ուկրաինական «Ինտեր Կոնտակտ» խումբը: Սակայն գործարքը ինչ-ինչ պատճառներով չի կայանում; Հավանաբար դեր է խաղացել այն հանգամանքը, որ 2001 թ. կառավարությունը որոշել է լրացուցիչ 6,6 մլրդ դրամի (մոտ 16 մլն դոլարի) բաժնետոմսեր թողարկել: Նշենք նաեւ, որ «Ինտեր կոնտակտը» քիմիայի ոլորտում աշխատանքի փորձ չուներ, ու մասնագիտանում էր տրանսպորտային ծառայությունների մատուցման ու էներգակիրների մատակարարման ոլորտում;

2002 թ. «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորում մեկ այլ ընկերություն՝ Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային RANSAT PLC ընկերությունը: Ի տարբերություն նախորդ, ուկրաինական ընկերության, այս մեկն ընդհանրապես անհայտ էր, հայտնի էր միայն, որ ունի հնդկական ծագում; Հենց այս ժամանակ էլ սկիզբ դրվեց այն արատավոր պրակտիկային, որով հայկական գիգանտ ընկերությունը վաճառվում էր օֆշորային գրանցում ունեցող ընկերությանը: Ամենայն հավանականությամբ՝ RANSAT PLC-ն ուներ նաեւ հայ բաժնետերեր:

2002 թ. կառավարությունը որոշում է այս ընկերության հետ պայմանագիր կնքել՝ «Նաիրիտի» գործադիր մարմնի լիազորությունները փոխանցելու համար: Պայմանագրով նախատեսվում էր 2002-05 թթ. մոտ 25 մլն դոլարի ներդրում իրականացնել, իսկ արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 25 հազ. տոննայի: Իրականում RANSAT PLC-ն «Նաիրիտի» միջոցով փող լվանալու հերթական օղակ էր՝  «Նաիրիտի» եկամուտներն անհետացան, պարտքերն աճեցին, ներդրումներն այդպես էլ չկատարվեցին: Ավելին՝ այդ պահին «Նաիրիտն» արդեն հասցրել էր 14 մլն դոլարի պարտք ձեւավորել «Հայկապ բանկին», ու այդ պարտքի դիմաց RANSAT PLC-ն ստացավ «Նաիրիտի» բաժնետոմսերի մի մասը: Այսինքն՝ «Նաիրիտը» ոչ թե վաճառվում է, այլ պարտքի դիմաց զիջվում է ինչ-որ անհայտ ընկերության: RANSAT PLC-ն ոչ մի ներդրում էլ չի անում, «Հայկապբանկի» պարտքերն էլ չի փակում, ու գործարանն  անցնում է բանկին: Երկու տարի անց այս բանկը սնանկանում է եւ մտնում վերակազմավորման փուլ, իսկ «Նաիրիտի» բաժնետոմսերն անցնում են ՀՀ կենտրոնական բանկին, որտեղից էլ հետ են վերադառնում կառավարություն՝ հանձինս «Հայգազարդ» ընկերության (էներգետիկայի նախարարության համակարգի չգործող ձեռնարկություններից մեկը):

2005 թ. «Նաիրիտը» կրկին վերակազմավորվում է ՝ ստեղծվում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը, որի շնորհիվ քողարկվում են RANSAT PLC-ի միջոցով կատարված մութ գործարքները: «Նաիրիտ գործարանին» միանգամից փոխանցվում է մոտ 15 մլրդ դրամի (մոտ 35 մլն դոլար) պարտք, որից 11,5 մլրդ դրամը՝ «Հայգազարդ» ընկերությանը, որը տվյալ պահին ադեն չգործող ընկերություն էր: Թե որտեղից գոյացավ այդ 35 մլն դոլար պարտքը՝ այդպես էլ անհայտ է: Ավելին՝ «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի 56.2%-ը փոխանցվեց այդ «Հայգազարդ» ընկերությանը՝ հավանաբար պարտքերի փոխհատուցման նպատակով;

Քանի որ հայկական բանկերն այլեւս հրաժարվում էին «Նաիրիտին» վարկեր տրամադրել, 2006 թ. հաջողվում է վարկ ստանալ Միջպետական բանկից՝ 6.6 մլն դոլար, տարեկան 11% տոկոսադրույքով: Այդ ընթացքում «Հայգազարդն» արդեն դառնում է «Նաիրիտի» 90% բաժնետերը:

Ահա, այս իրավիճակում էլ 2006 թ. հայտնվում է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» (Rhinoville Property Limited, UK) ընկերությունը, որը 40 մլն դոլարի դիմաց դառնում է «Նաիրիտի» 90% սեփականատերը; Սա լեհական, ամերիկյան ու ռուսական հայտնի քիմիական ընկերությունների դուստր ձեռնարկություն էր, գրանցված Մեծ Բրիտանիայում: Սա նույնպես օֆշորային էր, սակայն սրա հետեւում իրապես խոշոր ընկերություններ կային` լեհական «Samex», ամերիկյան «Intertex»եւ ռուսական «Еврогаз»: Թե ինչու դրանք գերադասել են օֆշորի միջոցով հաստատվել Հայաստանում՝ պարզ չէ: Սակայն արդյունքներն ավելի քան պարզ են՝ վատ մենեջմենթի պատճառով «Նաիրիտը» կրկին խրվեց պարտքերի մեջ; «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդը» պայմանագրով պարտավորվել է 5 տարում 120 մլն դոլարի ներդրում կատարել, ընդ որում՝ առաջին 3 տարում 60 մլն դոլար; Այդ նպատակով Միջպետական բանկից 70 մլն դոլար վարկ են վերցնում, սակայն այդ գումարները ներդրում չեն դառնում; Նշենք նաեւ, որ վարկը բավական բարձր տոկոսով է վերցվել՝ տարեկան 12,5%, 5.5 տարի ժամկետով: Ներդրումների համար սովորաբար նման բարձր տոկոսով ու կարճ ժամկետով վարկ չեն վերցնում: Պարտքն արդեն հասել է 100 մլն դոլարի (տոկոսների ու տույժերի հաշվարկով), ու այդ 100 մլն դոլար վարկի դիմաց «Նաիրիտն» արդեն հայտնվել է նոր սեփականատիրոջ մոտ՝ ի դեմս ռուսական Միջպետական բանկի:

Թե ինչ ընթացք կունենա «Նաիրիտի» հետագա ճակատագիրը՝ մնում է անհայտ, թեեւ ռուսական, լեհական ու չինական ընկերությունները չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը «Նաիրիտի» նկատմամբ: Մի բան ակնհատ է՝ «Նաիրիտի» նման ընկերություններին չի կարելի վստահել օֆշորներին:

Սամվել Ավագյան