Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կողմ է ՎՊ լիարժեք գործունեությանը: Այս մասին Արթուր Բաղդասարյանը հայտարարել է հուլիսի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Ի պատասխան այն հարցի, արդյոք հնարավոր է ՎՊ լիազորություններ կրճատում, Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ ոչ ոք այդ մասին չի խոսել: «Վերահսկիչ պալատը լիարժեքորեն գործող պետական կառույց է: Տեղի է ունեցել առողջ քննարկում, ինչի արդյունքում համապատասխան որոշումներ են կայացվել: Կոնկրետ մենք կողմ ենք, որ ՎՊ-ն շարունակի իր լիարժեք գործունեությունը եւ համոզված եմ, որ այդպես էլ կլինի եւ գնահատականները մասնագիտական կլինեն, այլ ոչ քաղաքական: Քաղաքական գնահատականներ տալիս է քաղաքական կառույցը, պրոֆեսիոնալ կառույցը պրոֆեսիոնալ գնահատականներ է տալիս»,-հայտարարել է Բաղդասարյանը:
Այն հարցին, արդյոք ինքը չի համարում, որ Իշխան Զաքարյանն իրեն քաղաքական գնահատականներ է թույլ տվել, Բաղդասարյանը հիշեցրել է, որ Զաքարյանն ինքն է հայտարարել այն մասին, որ հարկավոր է զերծ մնալ քաղաքական գնահատականներից:
Ինչ վերաբերում է բյուջեի թալանին, նա դրա հետ չի համաձայնել: «Կան թերություններ, չարաշահումներ, որոնք պետք է բացահայտվեն եւ շտկվեն»,-հայտարարել է Բաղդասարյանը:
Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, ՎՊ վերջերս ներկայացրած զեկույցն ու դրա ղեկավար Իշխան Զաքարյանի գնահատականները մեծ արձագանք են առաջացրել հանրության շրջանում եւ արժանացել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը: ՎՊ եզրակացությունների համաձայն՝ երկրի բյուջեի նշանակալի հատվածը ռիսկային գոտում է:
ՎՊ-ի տվյալներով` երկրի բյուջեի մեծ մասը ռիսկային գոտում է: «Երբ Վերահսկիչ պալատի նախագահը հայտարարում է, որ մեր բյուջեի 70 տոկոսը` 701 մլրդ, ռիսկային գոտում է, ակնհայտ է, որ դա շատ սխալ եւ անհեռատես հայտարարություն է»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա ՎՊ-ին ակտիվ աշխատելու կոչ է արել:





























