Հացի գինն այսօր՝ հուլիսի 8-ին, երեւանյան խանութներում դեռեւս անփոփոխ է: Այդ են վկայում NEWS.am-ի մոնիթորինգի արդյունքները Կենտրոնում: Մոտ 10 խանութ մեր հարցմանը պատասխանել է, որ հացը թանկացված չէ: Սա չի նշանակում, որ հացի քաշը չի նվազեցվել, սակայն այդպես է, թե՝ ոչ, արդեն պարտավոր են պարզել համապատասխան մարմինները:
Հացի արտադրությամբ զբաղվողները եւս փաստեցին, որ հացը դեռեւս չեն թանկացրել, սակայն պատրաստվում են դա անել; Այդ պատասխանը ստացանք, մասնավորապես, «Գորվետկա» ընկերությունից: «Վի Էմ Ջի եւ որդիներ» (հացի գործարան թիվ 4) ընկերության գործադիր տնօրեն Վալերի Ստեփանյանը նույնպես ասաց, որ արտադրվող հացը դեռ չեն թանկացրել, սակայն առաջիկայում դա կանեն՝ գազի թանկացման պատճառով: Ներկայում, ըստ տնօրենի, պարզապես հաշվարկներ են կատարում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հացի գինը սկսել է բարձրանալ մարզերում եւ Երեւանի արվարձաններում:
Նշենք, որ հացի արտադրությունում գազն ու էլեկտրաէներգիան ինքնարժեքի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն: Սա անխուսափելի է դարձնում հացի թանկացումը գազի ու էլեկտրաէներգիայի զգալի թանկացման պարագայում:





























