Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան 38-ամյա  Հ. Հ.-ի անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի արդյունքում կալանավորը փախուստի է դիմել: Աջափնյակ  եւ Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

38-ամյա  Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, աշխատելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանի պաշտոնում, նշանակված լինելով քրեական գործով մեղադրյալ Ա. Կ.-ին դատարան ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում որպես ավագ եւ պատասխանատու, անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորվել ծառայողական պարտականությունների նկատմամբ:

Նա  պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում դատարանի նկուղային հարկում տեղակայված խցում գտնվող կալանավոր Ա. Կ.-ն, մնալով հսկողությունից դուրս, բացելով խցի դուռը, դիմել է փախուստի:

Քրեական գործ է հարուցվել 315 հոդվածի 1-ին մասով`  պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: