Հանրային խորհրդի անդամ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանի կողմից՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու խնդրով ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված նամակներն անպատասխան չեն մնացել: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀԽ-ի շրջանակներում հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, առանձնազրույց որպես այդպիսին չի եղել, ընդհանուր զրուցել են: Հարցին, թե ձեզ նոր պաշտոն տալու են, նա այսպես արձագանքեց. «Հետաքրքիր է, առայժմ ոչ, որեւէ առաջարկություն չկա, հանգստանում եմ»:

Արտյուշա Ղուկասյանը հանդիպել է նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր, ոչ մի հարց չի մնացել անպատասխան, բայց դեռ ինքը առաջարկություններ ունի: Նա շեշտեց, որ արդարացի չի համարում իրեն խիստ նկատողություն հայտարարելը, այնուհետեւ պաշտոնանկությունը, սակայն առայժմ ժամանակ ունի եւ մտածում է դատական կարգով բողոքարկելու մասին:

«Ծայրահեղ քայլերի դեռ չեմ դիմել, հուսով եմ դեռ հնարավորություն կա քննարկելու, ոչ բոլոր հարցերն եմ քննարկել, մինչեւ չքննարկեմ, ծայրահեղ քայլերի չեմ դիմի»,- ասաց նա` հույս հայտնելով, որ կվերականգնվի իր պաշտոնին: Նա նշեց, որ կխնդրի հանդիպումներ, եթե անհրաժեշտ լինի` նաեւ նախագահից, քանի որ կարծում է, որ դեռ իր բացատրությունները չի սպառել: Դիտարկմանը, թե կարծում եք կգերադասեն ձեզ Արմեն Աշոտյանից, նա արձագանքեց, որ նման հարցադրում չկա, իրեն գերադասել մեկից, ինքը եւս կուսակցության անդամ է, նեղացած է կուսակցությունից, բայց չի պատրաստվում լքել ՀՀԿ-ի շարքերը:

ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար  նշանակված նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանին նա արժանի թեկնածու է համարում այդ պաշտոնին, «բոլոր դեպքերում արժանի է, եթե 20 տարի աշխատել է մի հիմնարկություն, նախագահի տեղակալ, առայժմ ինքը փոխարինում է»:

Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Դրանից հետո  Հանրային խորհրդում քննարկվել է ՀԽ անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին: Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, եւ իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է  նաեւ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին եւ Քաղծառայության խորհրդի նախագահին: Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը եւ գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:

Հանրային խորհրդի որոշումից հետո հետեւել է նախարարի հրամանը` նրան աշխատանքից ազատելու մասին: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: