Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի արդեն նախկին  պետ Արտուշ Ղուկասյանը վիրավորված է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արտուշ Ղուկասյանը:

Նախկին պետն իր աշխատանքից ազատվելու մասին իմացել է իրեն ուղարկված հրամանից, որտեղ, իր խոսքով, կան անճշտություններ Քաղծառայության խորհրդի որոշման հետ կապված, սակայն ավելին չմանրամասնեց: Նա չգիտի, թե ինչի էր իրեն աշխատանքից ազատելու պատճառը, «ազատել է էլի, մարդ է»: «Չեմ իմանում, նախարարին հարցրեք: Ոչ մի թերացում էլ, կարծում եմ, որ չկա: Կարող է նախարարի մոտ պատճառները շատ են»,- ասաց Արտուշ Ղուկասյանը:

Նա նշեց, որ իրեն արված «խիստ նկատողության» հարցով վարչապետին, նախագահին ուղարկած նամակներից  որեւէ նորություն առայժմ չկա: Այդ հարցը ավելի վաղ քննարկվել էր նաեւ Հանրային խորհուրդում եւ եզրակացրել էին, որ Արմեն Աշոտյանի տված «խիստ նկատողությունը» հիմնավորված չէ: «Ինձ համար էլ է տարօրինակ, երբ  նկատողության հարցադրումով ես դիմել եմ նախագահին, միգուցե սպասեին պատասխանը իմանային»,- ասաց նա:

Արտուշ Ղուկասյանն ասաց, որ որեւէ անձնական, մասնագիտական հարաբերություն չի ունեցել Արմեն Աշոտյանի հետ, «ոչ ընկերներ են, ոչ բարեկամներ են, իրենց հարաբերությունները ծառայողական են, եւ հնարավոր է, որ ինչ-որ բաներ նախարարի ուզածով չի եղել, պետք է իրենից հարցնել, ինքը մանրամասն կներկայացնի, թե երբ եւ ինչպես է ստեղծվել այդ հակասությունները»: «Ուղիղ մեկ ամիս է` գործընթացն է սկսվել, թե ինչ գործընթաց, չեմ կարող ասել, նախարարից հարցրեք: Մեկ ամիս առաջ եղել է հանձնարական, եկել է նկատողություն, մենք դրա մասին իրար հետ զրուցել ենք, ես իմ դժգոհությունը ներկայացրել եմ վարչապետին, նախագահին, մամուլում, Հանրային խորհրդում»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչ հույսեր է կապում վարչապետի եւ նախագահի հետ, պարզապես ասաց` «ցտեսություն ձեզ.:

Արտուշ Ղուկասյանն առայժմ հանգստանալու է եւ շարունակի իր գործունեությունը որպես Հանրային խորհրդի անդամ: «Ես ենթադրում էի, որ գործընթացը գնում է դեպի դա` աշխատանքից ազատում: Վիրավորված եմ նախարարից, հանգստանալու ընթացքում կմտածեմ` ինչ անել»,-նշեց ԲՈՀ նախկին ղեկավարը:

Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Դրանից հետո  Հանրային խորհրդում քննարկվել է ՀԽ անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին: Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, եւ իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է  նաեւ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին եւ Քաղծառայության խորհրդի նախագահին: Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը եւ գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:

Հանրային խորհրդի որոշումից հետո հետեւել է նախարարի հրամանը` նրան աշխատանքից ազատելու մասին: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: