Վրաստանը կարող է գոյություն ունենալ առանց Ռուսաստանի եւ որպես ազատ երկիր՝ դառնալ Եվրոպայի մաս։ Այս մասին մարտի 9-ին Բաթումում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
«Մենք ոչ մեկի կցորդը չենք լինի եւ պատրաստ ենք դառնալ Եվրոպայի ինքնուրույն եւ ազատ մասը»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստան Online-ը։
Նրա խոսքով, դեռեւս 1921 թ. Վրաստանում կային մարդիկ, ովքեր ձգտում էին Եվրոպային, եւ կային դավաճաններ, ովքեր ջանում էին երկիրը ենթարկեցնել Ռուսաստանին։ «Սակայն ե՛ւ մենշեւիկները, ե՛ւ բոլշեւիկները կուրացած էին մեկ վնասակար գաղափարով, որ Վրաստանն ի զորու չէ ապրել առանց Ռուսաստանի։ Դա սխալմունք է, եւ մենք պետք է ապացուցենք, որ մենք ինքնուրույն եւ ուժեղ պետություն ենք»։
Բացի այդ, Սահակաշվիլին կրկին անդրադարձել է դավաճանության թեմային՝ նշելով, որ Վրաստանում կան մարդիկ, ում ատելությունը իշխանությունների նկատմամբ վերածվել է ատելության սեփական ժողովրդի հանդեպ։ «Դա ստրկության ամենածանր հետեւանքն է, եւ մենք պետք է ձերբազատվենք դրանից»։



























