2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներն անցած երեք շաբաթների ընթացքում արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ Քունդուզի օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Աֆղանստանում Քունդուզ նահանգում: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում եւ դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաեւ հնարավոր սպառնալիքների բացահայտումը:
Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` Աֆղանստանում տեղակայված Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությամբ գործող Քունդուզ նահանգում տեղակայված զորախմբի կազմում:



























