2010 թվականից ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ծրագրի շրջանակում մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը կստորագրեն 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր կտրամադրվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից:

Վարկային համաձայնագրով նշված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով կստորագրվեն նաև «Ծրագրի աջակցության համաձայնագիր»՝ Երևանի քաղաքապետարանի հետ, և «Ծրագրի համաձայնագիր»՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի հետ: