«Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացումը հակասում է Վրաստանի շահերին եւ վտանգում նրա ազգային անվտանգությանը։ Երեւան-Մոսկվա-Թբիլիս հեռուստակամուրջի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի միացյալ ընդդիմության առաջնորդ Գոգա Խաինդրավան։ Նա ընդգծել է, որ Վրաստանը ոչ մի շահ չունի անցագրային կետի բացումից։ «Վրաստանի քաղաքացիները վիզաներ չստանալու պատճառով չեն կարողանում մուտք գործել Վրաստան։ Վրաստանը „Վերին Լարսի“ բացումից միայն վնաս է ստանում»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր գործիչը։ «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են բանակցել մարդիկ, ովքեր վիճում են միմյանց հետ, իրար օկուպանտ կոչում»։

Խաինդրավայի կարծիքով, «Վերին Լարսի» բացումը տնտեսական առումով ձեռնտու է Հայաստանի, իսկ ռազմավարական նպատակներով՝ Ռուսաստանի համար։ Այնուհետեւ նա հակասել է ինքն իրեն՝ ասելով, որ Հայաստանը անցագրային կետի բացումից տնտեսական ոչ մի օգուտ չի ստանա, քանի որ այդ ճանապարհը տարվա 5 ամիսներին փակ է լինում։ «Ռուսաստանը շահագրգռված էր „Վերին Լարսի“ բացմամբ, որովհետեւ ցանկանում է Վրաստանի տարածքով զինամթերք տեղափոխել Գյումրու իր բազա։ Իսկ վրացի սահմանապահները, համաձայն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրի, չեն կարող ստուգել անցագրային կետով անցնող բեռները»,- հայտարարել է Խաինդրավան։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ Վրաստանը չի կարող թույլ տալ իր տարածքով Հայաստանի համար զինամթերք փոխադրել, քանի որ դա կարող է դուր չգալ «բարեկամ» Ադրբեջանին։

Պատասխանելով իր վրացի ընդդիմախոսին՝ ռուս փորձագետ, Քաղաքական եւ տնտեսական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է, որ Վրաստանը պետք է փոխի Հայաստանի հանդեպ վերաբերմունքը, քանի որ Մոսկվայի եւ Երեւանի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են։ Նա հիշեցրել է վրացիներին, որ Երեւանն, օրինակ, չի ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։