Մարտի 7-ին Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգեւատրման արարողությունը:
Մեդալի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես կարեւորել է նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում:
Ի պատասխանч տիկին Արսլանը, մեծ գոհունակությամբ եւ երախտագիտությամբ ընդունելով Ոսկե մեդալը, նշել է, թե, լինելով բազմաթիվ մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni եւ այլն), առաջին անգամն է, որ արժանանում է Հայաստանի կառավարության պարգեւի:
Միջոցառմանը ներկա են գտնվել գրողներ, դասախոսներ, արվեստագետներ, այդ թվում Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վեպի վրա հիմնված համանուն ֆիլմի հեղինակներից` Պաոլո Տավիանին, ինչպես նաեւ իտալահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:



























