«Վերին Լարս» անցագրային կետի բացումը հազիվ թե ազդեցություն ունենա ռուս-վրացական հարաբերություների վրա, քանի որ դրանք «շատ հեռուն են գնացել»։ Երեւան-Մոսկվա-Թբիլիս հեռուստակամուրջի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Իսկանդարյանը խոսել է նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման մասին՝ նկատելով, որ Վրաստանի քաղաքացիների համար ռուսական վիզաների հարցը մոտ ժամանակներս չի լուծվի։ Նա համոզմունք է հայտնել, որ անցակետի բացումից կշահի նաեւ Վրաստանը։

Փորձագետ Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նշել է, որ «Վերին Լարս» անցագրային կետի բացումը տնտեսական առումով բավականին կարեւոր է Հայաստանի համար, քանի որ դրա փակումից առաջ հանրապետության բեռների 1/3 մասը փոխադրվում էր հենց այդ ճանապարհով։ «Անցակետի բացումը հնարավորություն կտա նվազեցնել հայկական բեռների տարանցիկ ծախսերը»,- նկատել է փորձագետը։ Քաղաքական տեսակետից, ընդգծել է նա, Հայաստանը նոր՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդի կարգավիճակ է ձեռք բերել։