«Ադրբեջանն ու Հայաստանն իրենց պետականությունները կառուցել են ԼՂ հակամարտության շուրջ: Այդ հարցը երկու պետությունների էության, բնույթի, նաեւ պետականության բնույթի խնդիր է»,-մարտի 9-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը, նշելով, որ պետք է կողմերը խոսեն ոչ թե պատերազմի, այլ ընդհանրությունների մասին:
«Ադրբեջանը պետք է ընդունի, որ հայեր կային, որ հիմա էլ ապրում են Ղարաբաղում, Հայաստանն իր հերթին պետք է ասի, որ եղել են ադրբեջանցիներ, որ Ղարաբաղում ապրել են: Շուշին ադրբեջանական քաղաք է եղել ժամանակին: Հրապարակայնորեն խոստովանեն, ընդունեն, որ մյուս կողմն էլ իրավացի պահանջ ունի: Դա միակողմանի որեւէ մեկը չի անի, երկու կողմերը կանեն միաժամանակ: Երկու կողմերի առաջնորդները պետք է ներպետական ցավ կրելով դա անեն»,- ասել է նա:
Անդրադառնալով ԼՂ-ում ստատուս-քվոյի պահպանմանը, Թոմաս դե Վաալը նշել է. «Ադրբեջանը գոհ չէ ստատուս-քվոյից: Ըստ էության, դուք հիմնվում եք այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոչ մի հիմարություն չի անի: Հուսով եք, որ հիմարություն չի անի, կմնա ստատուս-քվոն, իրենք չեն մտնի պատերազմի մեջ: Բայց Ադրբեջանի համար խնդիրը միայն Ղարաբաղը չէ, նրանց համար խնդիրը նաեւ տարածքներն են, որոնցում հայկական բնակչություն չի եղել պատերազմից առաջ, Ղարաբաղի մաս չեն կազմել: Ադրբեջանը չի կարող թողնել, որ տեւական ժամանակ այդ տարածքներն իրենց հսկողության տակ չլինեն: Ուշ կամ շուտ իրենք փորձելու են ինչ-որ բան, այդ տարածքները վերադարձնելու համար: Հրադադարի գիծը կա, բավական լավ պաշտպանված է այսօր: Չեմ ուզում ահազանգողի տպավորություն թողնել, բայց ԵԱՀԿ-ն չի կարողանա կանգնեցնել, եթե մի կողմից սկսեն գնդացիրներ ու հրթիռանետներ օգտագործել: 5-10 հոգի օրը կմահանա, ընդ որում չենք կարողանալու հրադադարի գծից այն կողմ ինչ որ բան կանխել»:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե սառեցված է, այլ` ննջող: Նրա ներկայացմամբ, սառեցված է օրինակ կիպրական խնդիրը, որը լուծված չէ, բայց պատերազմ չի լինի: Իսկ Ղարաբաղի պարագայում, ըստ Թոմաս դե Վաալի, այդուհանդերձ կա պատերազմի վերսկսման վտանգ:



























