Մի մարդ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել մարտի 9-ին ԱՄՆ Կոլամբուս քաղաքի համալսարանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, միջադեպը, որի մանրամասները դեռ հայտնի չեն, տեղի է ունեցել մարզադաշտի մոտ գտնվող շինության մոտ:

Համալսարանական ոստիկանության պետ Պոլ Դենթոնի խոսքով, վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում մյուսը՝ կայուն: Նա հայտնել է, որ բոլոր տուժածները համալսարանի աշխատակիցներ են:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հանցագործության մեջ կասկածվողին, քննիչները փորձում են պարզել դրդապատճառները:

Միջադեպի մասնակիցներից եւ ոչ մեկը ուսանող չէ: