Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա այցով ժամանել է Փարիզ: Այս մասին Փարիզից հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Հայկական պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Ֆրանսիայի տնտեսական առողջացման նախարար Պատրիկ Դեւեջյանը եւ այլ պաշտոնատար անձիք:
Իր այցելության առաջին օրը նախագահն այցելելու է Matignon պատկերասրահ, որտեղ հայտնի նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ, կծանոթանա նրա նկարներին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունն այսօր եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հայաստան-Ֆրանսիա» պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը: Մարտի 10-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը եւ հայ-թուրքական գործընթացը: ՀՀ նախագահը հանդիպելու է նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նշվում էր, որ համանախագահները Մամեդյարովին պետք է ներկայացնեն մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ հայկական կողմի պատասխանը։




























