Երեւանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակիցները այսօր` ժամը 17:00-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրում են  բանակցությունների, եթե վերջինս նման ցանկություն ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանը:

Ներկայացնելով իր եւ Տարոն Մարգարյանի պատահական հանդիպման մանրամասները, ասաց, որ երեկ  նկատել են, թե ինչպես է Տարոն Մարգարյանը մի քանի հոգու հետ փողոցն անցնում: Վահագն Մինասյանը «Վերջ անպատժելիությանը» պաստառը ձեռքին մոտեցել է Տարոն Մարգարյանին, որ քաղաքապետը գրառումը տեսնի: « Նա քայլելով հարցրեց՝ ո՞նց եք: Ես էլ ասացի՝ վատ: Ասաց՝ հրավիրել էինք ձեզ բանակցությունների, ես էլ պատասխանեցի՝ ձեր անունից նման հրավեր-առաջարկ չի եղել: Նա արդեն մոտեցել էր մուտքին, ասաց՝ քեզ հրավիրում եմ, երբ որոշես, կգաս բանակցությունների: Բնականաբար ես չհասցրեցի պատասխանել»,- պատմեց Վահագն Մինասյանը: Նա նաեւ նշեց, թե ապատեղեկատվություն են տարածում՝ ասելով, որ Տարոն Մարգարյանը այցելել է իրենց: «Նման բան չի եղել: Իսկ, եթե քայլելով, իմիջիայլոց արված հայտարարությունը, թե կարող եք բաձրանալ վերեւ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ, հրավեր է համարվում, թող համարվի»,-նշեց նստացույցի մասնակիցը:

Հարցին, թե պատշաճ հրավերի դեպքում ինչպես կարձագանքեն, նա ասաց. «Մեր բոլոր գործողությունները, հայտարությունները եղել են թափանցիկ: Պահանջը հանրային է: Եթե նա մեզ հրավիրում է բանակցությունների ուրեմն, որեւէ ասելիք ունի: Խնդրեմ, այսօր ժամը 17.00-ին թող իջնի այստեղ, մենք այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնում: Թող իջնի այստեղ, իր ասելիքը ասի: Հարկ եմ համարում նաեւ նշել, որ որեւէ փոխզիջման չենք գնալու, որեւէ առաջարկություն, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել, չենք ընդունելու: Եթե որեւէ բան ունի ասելու, թող իջնի, հանրության առաջ բաց եւ թափանցիկ կարգով ասելու»,- ավելացրեց Վահագն Մինասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am