Քաղաքապետարանի առաջ տաքսու վարորդները միացել են նստացույցի մասնակիցներին եւ նստացույց հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տաքսու վարորդ Արթուր Խաչատրյանը: Նրանք իրենց հետ բերել էին ծրարներով ակտեր, որոնք ստացել էին մեքենաները ոչ ճիշտ տեղում կայանելու համար: 

Արթուր Խաչատրյանը մեկ ամսվա մեջ 40 ակտ էր ստացել, որոնցից յուրաքանչյուրի տուգանքը 5 հազար դրամ է: «Ես մինիմալից ստանում եմ 600 դրամ, վրան գումարած 5 հազար դրամ տուգանք է  գալիս: Ես այդքան խախտում չեմ արել, կանգնած տեղը ինձ նկարել են: Իրենք ասում են, որ չթույլատրվող տեղ ենք կանգնել: Լավ ընդունենք, որ խախտում արել ենք, բայց մի ամսվա մեջ 43 ակտ՝ ամեն մեկը 5 հազարի: Ես ի վիճակի չեմ մուծելու, ոչ էլ պատրաստ եմ իմ տունը բանկում վարկի տակ դնեմ, որ տանեմ իրենց գումարները մուծեմ: Օրը 7 հազարով մեքենան արենդով եմ քշում եւ լավագույն դեպքում օրը 3 հազար դրամ օգուտ է  մնում: Իրենց խփած ակտը չի էլ բավականացնի, որ ես դա մուծեմ »,- դժգոհեց տաքսիստը:

Նրանք դժգոհեցին, որ քաղաքապետարանից իրենց ուղարկել են Ճանապարհային ոստիկանություն, վերջինս էլ մեղքը բարդել է փոստի վրա: Վարորդներն էլ որոշել են գալ եւ քաղաքապետարանի առաջ նստացույց անել, մինչեւ խնդրին լուծում տրվի: Ներկա պահին նստացույցի տաքսիստ մասնակիցները 15-ն են:  «Ուզում են մեր էրեխեքի հացը բերաններից կտրեն, բա ի՞նչ անենք, որ չգանք այստեղ նստենք»,- դժգոհեցին տաքսիստները: Նրանք նաեւ նշեցին, որ իրենց նամակով չեն զգուշացրել, որ այդտեղ չի կարելի կանգնել, սակայն առանց զգուշացնելու մի բան էլ ավել ակտեր են ուղարկում: «Ես կտանեի 5 հատ կմուծեի, եթե ինձ նախապես ասեին, որ այդտեղ չի կարելի կանգնել ու դրանից հետո այդքան էլ ապուշ չէի, որ գնայի այդ նույն տեղում էլի կանգնեի: Դրանից բացի 10 օր էլ ժամանակ են տալիս տուգանքները մուծելու համար»,- ասացին տաքսիստները: Տաքսիստները նշեցին, որ եթե իմանային իրենց գլխի գալիքը, Տարոն Մարգարյանին չէին ընտրի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am