Ռուսաստանի մի շարք տարածքներում ջրհեղեղներ են: Աղետի ենթարկված տարածաշրջանները գնալով ավելանում են: Տեղեկություններ են ստացվել զոհերի մասին:
Ամուրի մարզի գյուղերից մեկում «Ժիգուլի» մեքենան, որում գտնվել է վեց մարդ, հայտնվել է ճանապարհի հեղեղատի մեջ, որն առաջացել էր հորդառատ անձրեւների հետեւանքով: Վարորդը եւ ուղեւորներից երկուսը` կինը ու չորս տարեկան երեխան տեղում մահացել են: Երեք երեխաներին տեղափոխել են հիվանդանոց:
Ամենաբարդ իրավիճակն ստեղծվել է Հեռավոր Արեւելքում, որտեղ տեղատարափ անձրեւները չեն դադարում: Խաբարովսկի երկրամասի, Պրիմորիեի, Հրեական ինքնավար մարզի տարածաշրջանները պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակների:
Չելյաբինսկի մարզում եւս ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել: Աղետի գոտում գրեթե երկու հազար մարդ է հայտնվել: Զինվորականները լողացող փոխադրամիջոցներ են ուղարկել տարածաշրջան: Այստեղ եւս զոհեր կան. Յուժնի կոչվող բնակավայրում չորս մարդ է զոհվել:











