Ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության հետ առնչություն ունեցող արմատական «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքում Ռամադանի ավարտից հետո տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

«Իսլամական պետությունը Իդ ալ-Ֆիթրի տոնի երրորդ օրը համախմբել է իր կողմնակիցներին Բաղդադում, հարավային եւ այլ նահանգներում եւ սարսափեցնելու արագ գործողություն կազմակերպել»,-ասված է արմատական իսլամիստների կայքերից մեկում տեղադրված հաղորդագրության մեջ: Տեքստում ընդգծվում է, որ հարձակումները պատասխան քայլեր են՝ ուղղված ընդդեմ կառավարության կողմից ահաբեկչության դեմ պայքարի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նախօրեին Իրաքի մայրաքաղաքում 12 ականապատված ավտոմեքենա է պայթեցվել, որի հետեւանքով զոհվել է 69 մարդ, մոտ 150-ը վիրավորվել է:

Այս տարվա 7 ամիսների ընթացքում այդ երկրում սպանվել է 4 137 իրաքցի, վիրավորվել՝ 9 865-ը: