Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրել են «ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի Հայերի միության համագործակցության մասին» համաձայնագիր:
Հայաստանի սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրման արարողությանը ներկա են եղել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի անդամ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մինչ ստորագրումը նախարար Հ. Հակոբյանը կարեւորել է համազգային նպատակների հետապնդման, հիմնախնդիրների լուծման եւ հայկական Սփյուռքի ինքնակազմակերպման գործընթացներում Ռուսաստանի հայերի միության նախանձախնդրությունն ու մեծ փորձը: Ըստ տիկին Հակոբյանի՝ արդեն ուղենշվել են համագործակցության մի շարք կարեւոր ոլորտներ: Դրանք են` հայապահպանությունը, ԱՊՀ տարածքում պատմամշակութային հուշարձանների գրանցումը, գրականության եւ արվեստի ոլորտում մրցանակաբաշխությունների կազմակերպումը, Ցեղասպանության տարելիցին նվիրված ձեռնարկների իրագործումը: Ամենամեծ նախաձեռնությունը 1.5 միլիոն ծառերի ծառատունկն է եւ այգու հիմնումը:


























