Հայաստանը ողջունում է Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մարտի 18-ին ընդունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար:
Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար:
Հանրապետության ղեկավարը հրավիրել է նաեւ Սլովակիայի նախագահին` այցելելու Հայաստան:
Հայաստանի նախագահը եւ Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր, կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
Հանրապետության նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, դրանց վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ինչպես նաեւ անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի:


























