ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Մոսկվայում։ Այս մասին մարտի 18-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
ԱՊՀ երկրների ղեկավարները, ինչպես նա նշել է, հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ելույթով կդիմեն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին։ Դիմումի նախագիծը կմշակվի մարտի 26-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում։
«Վետերաններին դիմելու նախագիծը այդ հանդիպման օրակարգի կարեւորագույն հարցերից է լինելու»,- ընդգծել է Նեստերենկոն՝ ավելացնելով, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը 18-ն են լինելու։
Նրա խոսքով, պակաս կարեւոր տեղ չի գրավելու ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության հարցը, կայանալու է ԵԱՀԿ գործունեության մասին մտքերի փոխանակում։
Այլ թեմաների շարքում Նեստերենկոն նշել է «զինված ուժերի չափորոշիչների միասնականության, ստանդարտացման, հավաստագրման, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում ընտրությունների մոնիտորինգին, տարբեր մարմիների, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կատարելագործմանը վերաբերող հարցեր»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։



























