Ժնեւի Բոսեի էկումենիկ դպրոցում, սեպտեմբերի 18-19-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն Սիրիայի խնդիրների վերաբերյալ` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարահային Խորհրդի կողմից: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի եւ Իրաքի ներկայացուցիչները, այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Մայր Աթոռից հայտնում են, որ խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրել են, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով եւ հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար` ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:

Հանդիպման մասնակիցները կոչ են արել Եկեղեցիների առաջնորդներին` միջնորդել պետությունների ղեկավարներին` ջանքեր գործադրելու Սիրիայում խաղաղության վերահաստատման համար: