Խոսրովի արգելոցում ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ կասկածյալներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Արտաշատի բաժնից:
Երեւում է հանցագործը տեսախցիկի ֆիքսած կադրերում, թե ոչ, չհայտնեցին՝ համարելով նախաքննության գաղտնիք: Ինչ վերաբերում է նրան սպանելու վերաբերյալ տարբեր վարկածներին, ապա, ոստիկանության փոխանցմամբ, իրենց քննության առարկա են մի շարք վարկածներ՝ այդ թվում՝ որսագողություն, ընտանեկան խնդիրներ եւ այլն, բայց առայժմ գերադասում են չբարձրաձայնել:
«Խոսրովի» արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը մեզ հետ զրույցում հավանական չհամարեց որսագողության վարկածը՝ ասելով, որ որսագողը չէր գա այդ ճանապարհով, կրակեր նրան եւ անցներ: Նա շեշտեց, որ բոլոր տեսախցիկները տեղում են, որեւէ բան վնասված չէ եւ մինչեւ սպանությունը ոչ մի վիճաբանություն չի եղել: «Մտնելու համար բաց ճանապարհներ շատ կան, տարածքը ցանկապատված չէ: Եթե եկել էր որսագողության նպատակով, կարող էր գնալ, ինչի՞ն էր պետք գալ այդ մարդուն սպանել, հարյուր հատ ճանապարհ կար, կարող էին անարգել ցանկացած ճանապարհով մտնեին, ինչի պիտի անպայման գային այդ մարդուն սպանեին, հետո որսագողություն անեին»,- ասաց տնօրենը:
Նա նաեւ նշեց, որ իրենց աշխատակցի թաղումը կկայանա այսօր, ամեն ինչով աջակցում են ընտանիքին, արդեն բանակից եկել է որդին:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Գառնի գյուղում սպանության հետևյալ վարկածն է պտտվում, որ որսագողերը գիշերով մոտեցել են Մխիթարին, պահանջել, որ թույլ տա մտնեն տարածք, տեսուչն արգելել է, բացի այդ, ստիպել են տեսախցիկն անջատել, Մխիթարը դարձյալ հրաժարվել է։ «Վեճ ու ընդհարում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հրացանի կրակոցով սպանել են Մխիթար Սեդրակյանին։ Նաև կրակոցով փորձել են փչացնել տեսախցիկը, ինչի մասին վկայում են մոտակայքում թափված տեսախցիկի կտորտանքները»,–գրել է թերթը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





























