Սկսվել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի եւ ոչ ռազմական բեռների դուրսբերումը: Տեխնիկայի մի մասն Ադրբեջանով Եվրոպա է ուղարկվում:

Առաջին քարավանը, որը ժամանել էր ղազախական Ակտաու նավահանգստից, մի քանի օր առաջ էր նկատվել Բաքվում, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Այստեղից տեխնիկան հասցվում է վրացական Փոթի նավահանգիստ:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողներին հայտնել է, որ զորքերի եւ ոչ ռազմական բեռների տարանցման հարցում ադրբեջանական երթուղին առաջնային դեր ունի: «Ադրբեջանը վերաբեռնավորման գլխավոր կայաններից է»,– ասել է  դեսպանը:

Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման համար միջանցք հատկացնելու համաձայնություն Ադրբեջանը դեռեւս նախորդ տարի էր տվել: Բաքուն ամերիկյան հրամանատարության հետ բանակցությունների ընթացքում առաջարկել էր Աֆղանստանից բեռները տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որը շահագործման կհանձնվի 2014թ. սկզբին: Այդ երթուղուն կողմ են նաեւ Վրաստանն ու Թուրքիան:

Հաշվարկների համաձայն՝ առաջիկա երկու տարիներին ամերիկացիներն ամեն ամիս Աֆղանստանից մոտ 2200 բեռնարկղեր եւ տրանսպորտային միջոցներ պետք է ուղարկեն:

Նախնական տվյալով՝ 500 բեռնարկղեր եւ տրանսպորտային միջոցներ կուղարկվեն Կենտրոնական Ասիայով: Դրանցից 400 միավորը նախատեսվում է փոխադրել Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տարածքով, մնացած 100-ը՝ բեռնատարներով՝ Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի եւ Կովկասի տարածքով: