Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Լեւ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հրավերով դասախոսությամբ է հանդես եկել ուսանողների եւ դասախոսների առջեւ` «Հայաստան. պատմություն եւ ներկա» թեմայով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հայ ժողովրդի պատմական զարգացման փուլերը, հայկական ինքնության կայացման ընթացքը, ինչպես նաեւ հանգամանալիորեն անդրադարձավ ԼՂ հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության  եւ համագործակցության հարցերին:

Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության պատմությանը եւ կարգավորման ընթացքին, հայ-ղազախական հարաբերությունների խորացման հեռանկարներին:

Ֆակուլտետի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` մշտական շփումներ պահպանելու վերաբերյալ: