Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափով համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ շրջանակներում հակաթմրանյութային կենտրոնի, ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիայի ստեղծման հետ կապված հարցերին, ինչպես նաեւ Երեւանում ստեղծված ՀԱՊԿ ակադեմիայում 2014թ. սկսված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված հատուկ թեմայով դասընթացների կազմակերպմանը, որի մասին կստորագրվի հուշագիր:

Խոսելով «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության ընթացքի մասին, որի արդյունքները պետք է ամփոփվեն այսօր` կողմերը կարեւորել են նման ձեւաչափով միջոցառումների անցկացումը եւ այդ համատեքստում քննարկել նշված ոլորտում համագործակցությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am