Իր հանդուգն արարքից հետո «հայտնի» դարձած մոլդովացի օբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն շարունակում է աշխատել իրեն «վճարված» գումարի դիմաց: Թեման նույնն է:

Նախօրեին Գրիգորիուն իր մասին հերթական անգամ հիշեցրել է: Խորհրդարանում նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «իր հասցեին հնչող սպառնալիքները խաղաղվել են», սակայն «իրավիճակը, որում ինքը հայտնվել էր հայտնի ելույթից հետո, չի փոխվել»:

Այն հարցին, թե «Կմեկնե՞ք արդյոք Հայաստան, եթե այնտեղ մարդու իրավունքների հետ կապված միջոցառում լինի», նա պատասխանել է.«Ես այդ երկիր այլեւս չեմ գնա: Նրանք շատ «հյուրընկալ» են: Հոկտեմբերի 30-ին ես մասնակցելու եմ Բաքվում կայանալիք հումանիտար համաժողովին»:

Հայաստանում մոլդովացի օմբուդսմենի հերթական անհիմն հարձակմանը պետական մարմինները պաշտոնապես չեն պատասխանել: Սակայն ոչ պաշտոնական մեկնաբանությունները բերում են նրան, որ այս առթիվ Գրիգորիուն կարող է չանհանգստանալ. ոչ ոք չի պատրաստվում իրեն Երեւան հրավիրել: Ինչ վերաբերում է Գրիգորիուին, ապա մոլդովացի օմբուդսմենը եւս մեկ անգամ ապացուցեց, որ շարունակում է աշխատել Երեւանում հրահրած սկանդալի համար վճարած գումարների դիմաց:

Հիշեցնենք, որ մոլդովացի օմբուդսմենն «աչքի էր ընկել» Երեւանում ընթացող համաժողովի ժամանակ: Նա հայտարարել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Հայ պատգամավորների կոշտ արձագանքից եւ սոցցանցերում տիկին Գրիգորիուի հասցեին անհաճո մեկնաբանություններից հետո նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում, եւ Հայաստանում Վրաստանի ու Ռումինիայի դեսպանատներից օգնություն էր խնդրել Երեւանից իր անվտանգ մեկնումն ապահովելու համար։ Մոլդովա հասնելուց հետո էլ բողոքել էր, որ այնտեղ էլ իրեն ապահով չի զգում։