Հայաստանի եւ Ավստրալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել, որոնք վարել են հայկական կողմից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ավստրալական  կողմից Ավստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի Եվրոպայի վարչության պետ Ջերեմի Նյումանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական շփումների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արդի միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակների շուրջ:

Ավստրալական կողմին բազմակողմ ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայկական կողմի մոտեցումները: