Աշխաբադում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիեւի գլխավորությամբ, հոկտեմբերի 3-ին, Հայաստանի եւ Թուրքմենստանի  ԱԳՆ-ների խորհրդակցություններ են անցկացվել:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, հումանիտար համագործակցության խորացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Քննարկվել է 2012թ. Թուրքմենստանի նախագահ Գ. Բերդիմուհամեդովի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Արծարծվել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: