Այսօրվա հակաթմրանյութային գործողության յուրահատկությունն այն է, որ այն կրում է թիրախային, տեղային բնույթ եւ որի գործողության Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
«ՀԱՊԿ շրջանակում մենք յուրաքանչյուր տարի իրականացնում ենք «Կանալ» միջոցառումը, որի նպատակն է միասնական ջանքերով պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այս ուղղությամբ կուտակվել է հսկայական փորձ եւ ունենք դրական արդյունքներ»,-ասել է Բաղդասարյանը:
Նա նշել է, որ ՀՀ ոստիկանության կողմից անցնող ժամանակահատվածում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքները ս.թ. սեպտեմբերի 18-ին ամփոփվել են ԱԱԽ Քարտուղարի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Նշված հանձնաժողովը զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով, եւ որի աշխատանքներն այս ոլորտում էականորեն բարձրացրել են համապատասխան պետական մարմինների գործունեության արդյունավետությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում Հայաստանը վերջին ժամանակահատվածում արձանագրել է առաջընթաց. «Չնայած դեռ կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանը չի հանդիսանում թմրանյութ արտադրող երկիր, չի հանդիսանում թմրանյութեր տեղափոխելու տարանցիկ երկիր, իսկ դրա օգտագործման ցուցանիշները մեր երկրում բավականին ցածր են»:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան պետական մարմինների այս ոլորտում համագործակցությունը, որն էլ ավելի արդյունավետ կարող է դարձնել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը. «Կանալ-Կավկազ»-ի նման միջոցառումների իրականացումը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը այս ոլորտում` դարձնելով այն ավելի արդյունաետ եւ համակարգված»:
Նիստում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























