Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը  դատապարտել է Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանում լրագրողների խմբի դեմ հարձակումը եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել միջադեպը, հայտնում է Turan-ը:

Միյատովիչի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել Սաբիրաբադում նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը լուսաբանելիս:

Հարձակումը կատարվել է իրավապահների աչքի առաջ, որոնք ոչինչ չեն ձեռնարկել:

Որոշ լրագրողներ մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց սարքավորումները եւս վնասվել են:

«Լրագրողի հանդեպ ցանկացած բռնություն անընդունելի է եւ պետք է ընկալվի որպես հանրության դեմ հարձակում: Հատկապես անընդունելի է, եթե բռնությունը ոստիկանների ներկայությամբ է տեղի ունեցել, որոնք պատասխանատու են լրագրողների պաշտպանության համար: Իշխանություններին կոչ եմ անում  անհապաղ հետաքննել միջադեպը եւ անել ամեն ինչ՝ լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Միյատովիչը: