Առաջին հայացքից ուղերձը, որն ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայություն էր ուղարկվել Ալյասկայից, սովորական եղանակի տեսության տեսք ուներ: Սակայն եթե դիտենք տառերը, որոնցով սկսվում էր ցանկացած տող, ստացվում է «Խնդրում ենք, վճարեք մեզ» արտահայտությունը:

The Washington Post-ի տվյալներով՝ Ազգային օդերեւութաբանական ծառայության կայքում Ալյասկայից ստացված եղանակի տեսությունը հրապարակվել էր նախնական տեսքով՝ աշխատավարձերի վճարման ծածկագված խնդրանքով: Սակայն, հավանաբար, ծառայության ղեկավարությունը շուտով նկատել է հնարքն ու 11 տողերի առաջին տառերն այնպես են փոխել, որ ծածկագիրը կարդալ անհնար է դարձել, հաղորդում է Russia Today-ը:

Հարկ է նշել, որ բյուջեի ճգնաժամի ու ԱՄՆ-ի դաշնային կառավարության աշխատանքների դադարեցման հետեւանքով անորոշ ժամանակով առանց աշխատավարձի են մնացել Ազգային օդերեւութաբանական ծառայության ավելի քան 4000 աշխատակիցներ ողջ երկրում: Ընդ որում, կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր հիմնական գործառույթները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին սկսվել է նոր ֆինանսական տարին, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսում այդպես էլ չեն ընդունել բյուջե՝ դրա մի քանի հոդվածների շուրջ անհամաձայնության պատճառով: Ֆինանսավորման բացակայության հետեւանքով պետական ծառայությունները հարկադրված են եղել իրենց աշխատակիցներին ուղարկել արձակուրդի: