Եկել է ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչելու ժամանակը: Այս մասին հոկտեմբերի 4-ին «Արցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը» միջազգային կոնֆերանսում հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության հարցերի վարչության անդամ Ջեֆրի Ռոբերթսոնը:

Ըստ նրա՝ միջազգային իրավունքի սկզբունք է մշակվում, ըստ որի՝ տարածքային ամբողջականության սկզբունքը նահանջում է, երբ մարդկության դեմ հանցագործություն է կատարվում:

«Լեռնային Ղարաբաղն ունի պետականության բոլոր ատրիբուտները: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին էր տրվել պատմական անարդարության արդյունքում: Եվ համաձայն միջազգային իրավունքի՝  Լեռնային Ղարաբաղն ունի սեփական պետականության իրավունք: Լեռնային Ղարաբաղում ինքնիշխանության բոլոր պահանջներն առկա են, որոշ պետություններից դեռ մի բան էլ ավելին: Այդ ժողովուրդն իրավունք ունի դուրս գալու բռնատիրական տիրապետությունից», - ասել է նա:

Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ պետություն լինի, փորձագետը նշել է, որ, օրինակ, գոյություն ունեն Մոնակոն եւ Լիխտենշտեյնը, որոնք բանկային հաշիվներից են կազմված, գոյություն ունի անգամ Վատիկանը:

Ռոբերթսոնը հիշեցրել է պետականությանը ներկայացվող վերջնական պահանջները, որոնք ամրագրված են Մոնտեվիդեոյի կոնվենցիայում. մշտական բնակեցում, որոշակի տարածք, սեփական կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու հնարավորություն: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ ամենը:

«Եկել է ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչելու ժամանակը», - ընդգծել է փորձագետը: