Մոսկվան նախատեսում է Սիրիայի հարցով «Ժնեւ -2» կոնֆերանս անցկացնել նոյեմբերի կեսերին, պատվիրակության կազմը դեռ պետք է համաձայնեցնել: Այց մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների արդյունքում:

Քերրին նշել է, որ կոնֆերանսի վերջնական ամսաթիվը որոշում է ՄԱԿ-ը, մասնավորապես` գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ  Սիրիայի գծով նրա հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:

Ընդ որում, Ռուսաստանի արտգործնախարարը Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիային կոչ է արել «խոսել միաձայն»: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ղեկավարը սկզբում  մի հայտարարություն է անում  «Ժնեւ-2»-ի գումարման վերաբերյալ, հետո նրա կողմնակիցներն այդ հայտարարությունը  հերքում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Լավրովի` Դամասկոսը հիանալի է համագործակցում քիմիական զենքը ոչնչացնելու գործով զբաղվող միջազգային տեսուչների հետ, եւ Ռոսաստանը հիմքեր չունի ենթադրելու, որ Դամասկոսի հիանալի համագործակցությունը քիմիական զենքը ոչնչացնելու հարցում կարող է փոխվել: Բավական շատ հիմքեր կան կասկածելու, որ «ընդդիմության ծայրահեղական խմբերը կարող են խափանել այդ գործընթացը»: