Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 7-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքի հարեւանությամբ գտնվող  սուպերմարկետի մոտից  բերման են ենթարկել 15-ամյա Գեւորգ Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցին նմանվող 3,8 գ փաթեթավորված զանգված եւ մետաղյա կռփազենք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ Գեւորգ Բ.-ի հայտարարության` հայտնաբերված փաթեթն իրեն է տվել հայրը` 43-ամյա Արսեն Բ.-ն, իրեն անծանոթ մեկ այլ անձի փոխանցելու համար, իսկ կռփազենքը գտել է բակերից մեկում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հայտնաբերվածն  ուղարկվել  է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին: