Հայաստանի պետական բյուջեի եկամուտները հունվար-օգոստոսին կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով:
Նախորդ տարվա համեմատ՝ բյուջեի եկամուտներն աճել են 18.5% ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա ութ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով եւ պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.7% ով կամ 103.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի, ինչպես նաեւ՝ այս տարի ներդրված միասնական հարկի` եկամտային հարկի աճով եւ շրջանառության հարկի մուտքերով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 590.2 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով 7.9%-ով կամ 43.3 մլրդ դրամով:





























