Թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարությամբ է հանդես եկել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն:
Նա նշել է, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նրան հայ համայնքի անունից որեւէ հաղորդագրություն չի տալու, քանի որ Էրդողանը մշտապես մոտիկից է հետեւում է հայ համայնքի խնդիրներին: Շիրինօղլուն հիշեցրել է, որ հայ համայնքի ներկայացուցիչը յոթ անգամ վարչապետից հանդիպում է պահանջել եւ յոթ անգամն էլ այդ պահանջը բավարարվել է:
Շիրինօղլուն նաեւ հստակեցում է մտցրել Էրդողանի կողմից BBC-ին տված տխրահռչակ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվել է, որ Թուրքիան կարող է վտարել իր երկրում գտնվող 100 հազար անօրինական գտնվող հայերին: «Մենք վարչապետին պետք է ասեինք 70 հազար Թուրքիայի եւ 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կա Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազարը նշել ենք որպես անօրինական հայերի թիվ, որն էլ արտասանել է Էրդողանը: Իսկ Էրդողանն էլ մեզ վստահելով արտասանել է այդ թիվը, որի համար իրենից ներողություն եմ խնդրում: Միեւնույն ժամանակ վարչապետից շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահելու համար եւ գիտեմ, որ Լոնդոնում նրա ասած խոսքը սրտից չի բխել»,-նշել է Պետրոս Շիրինօղլուն:
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2004-ի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է կատարել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցում Պետրոս Շիրինօղլուի թանգարանի բացումը: Վարչապետ Էրդողանը մասնակցել է նաեւ կազմակերպված միջոցառմանը եւ հետեւել «Մարալ» համույթի կողմից «Ով հայոց աշխարհ», «Գրիգոր Լուսավորիչ» երգչախմբի կողմից «Օրոր» եւ այլ երգերի կատարմանը։ Իր խոսքում Էրդողանը, ընդգծելու համար հայերի դերը արվեստների եւ մշակույթի մեջ, հիշեցրել է, որ Թուրքիայի բոլոր տարածքները շրջելիս էլ անպայման կարելի է լսել «մի լավ հայ վարպետ կա» արտահայտությունը:



























