Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Լոնդոնում BBC-ին տված տխրահռչակ հայտարարությունից հետո թուրքական իշխանությունները փորձում են դուրս գալ ստեղծված անհարմար վիճակից: Թուրքիայում անօրինական ապրող երեխաների ուսման խնդրի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

Թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արք. Արամ Աթեշյանը հիշեցրել է, որ 10 օր առաջ ինքը փոխվարչապետ Առընչին ներկայացրել է Թուրքիայում ապրող անօրինական հայերի երեխաների ուսման խնդիրները, իր հերթին փոխվարչապետը խոսք է տվել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կտարվեն: Արք. Աթեշյանը նշել է,որ Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը իրեն տխրեցրել էր, սակայն հետագայում Էրդողանը բացատրել է, որ իր ասածները սխալ են ներկայացվել: Աթեշյանը կրկին հիշեցրել է, որ հայաստանցիների երեխաների փողոցում խաղալը հասարակությանը օգուտ չի տա եւ անհրաժեշտ է, որ գոնե նրանց թույլ տան որպես ազատ այցելու հաճախել դպրոց:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նշել է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներ կարող են հաճախել միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անձինք, սակայն Թուրքիայի կառավարությունը գտնում է, որ ինչ-ինչ պատճառով երկրում գտնվող քրիստոնյաների երեխաներն էլ պետք է կրթություն ստանան: «Ես սա մարդակային տեսանկյունից եմ դիտում: Ինձ համար „Թուրքիայում անօրինական ապրող հայ“ հասկացությունը խնդրո առարկա չէ: Մենք ազգային փոքրամասնությունների համար դպրոցներ բացելու թույլատվություն ենք տվել եւ այդ դպրոցներ կարող են հաճախել նաեւ դրսից եկածների երեխաները: Ես անձամբ այդ հարցում որեւէ խնդիր չեմ տեսնում: Այս խնդիրը ես նախարարների խորհրդում էլ եմ քննարկել: Վարչապետ Էրդողանը նշել է, որ շատ դրական միտք է եւ անհրաժեշտ է, որ այդ երեխաները կրթություն ստանան եւ այդ ուղղությամբ մեր կրթության նախարարին հանձնարարական է տվել: Վարչապետը մեր կրթության նախարարին խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում այդ խնդրի հետ կապված նոր հրահանգներ տալ: Կարծում եմ այս հարցում բարելավում լինելու է: Եթե այդ երեխաները սովորեն մեր դպրոցներում, դրանից Թուրքիային վնաս չէ»,-նշել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը: