Հայկական կողմը պատրաստ է սատարել Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելուն եւ Ադրբեջանի ենթադրյալ զոհված քաղաքացուն որոնելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ԿԽՄԿ-ի հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունները գաղտնի երկխոսություն են  վարում երկու երկրների իշխանությունների հետ: Երկխոսությունը վերաբերում է ենթադրաբար չեզոք գոտում գտնվող մարմնին:

 «Մենք պատրաստ ենք սատարելու, ապահովելու անվտանգությունը եւ նպաստելու անվտանգ որոնման իրականացմանը»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 6-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին է:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականի վրա պայթել են Ադրբեջանի երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը՝ 35-ամյա Վեզիր Վելիեւը, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկրորդը՝ 30-ամյա Հագանի Մագերամովը, կատարվածի վերաբերյալ ցուցմունք  է տալիս:

Ինչ վերաբերվում է 40-ամյա Ալի Ալիեւին, ապա նա անհետ կորել է: Ենթադրվում է, որ նա գտնվում է չեզոք գոտում: Երեք տուժածներն էլ Հայաստանին սահմանամերձ Մեզեմ գյուղի բնակիչներ են, որը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում: